12 մարտի 2018 - 18:34 AMT
Պուտինի օգնական. ՌԴ-ն կարագացնի Ս-400-ների մատակարարումը Թուրքիային

Ռուսաստանի և Թուրքիայի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիրը կյանքի կկոչվի 2020 թվականի սկզբին: Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվամիջոցի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

Ըստ պաշտոնյայի, թուրքական կողմը ցանկություն է հայտնել արագացնել պայմանագրի իրագործումը:

«Գտնելով առավել օպտիմալ տարեբերակ, մենք համաձայնության ենք եկել թուրքական կողմի հետ այդ հարցում: Կարծում եմ՝ դա կլինի մոտավորապես 2020 թվականի սկիզբը», -ասել է Կոժինը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային 4 դիվիզիոն Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարման գործարքը $2,5 մլրդ կարժենա։ Գումարի 45%-ը Թուրքիան կմուծի որպես կանխավճար։ Երկրին տրվելիք ռուսական վարկը կկազմի պարտավորագրի 55%-ը։

2017-ի սեպտմեբերին Մոսկվան և Անկարան ստորագրել էին ռուսական Ս-400 համակարգեր Թուրքիային մատակարարելու մասին համաձայնագիր: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ Ս-400 համակարգերի մատակարարման կանխավճարն արդեն վճարված է՝ հավելելով, որ ինքը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական են տրամադրված այդ հարցով:

Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել էր, թե ստիպված են ՌԴ-ի հետ կնքել համաձայնագիրը, և Թուրքիան կնախընտրեր ՆԱՏՕ-ից գնել համակարգերը։ Սակայն կողմերը չեն կարողացել գալ համաձայնության։ ՆԱՏՕ-ից դուրս սա Թուրքիայի ամենախոշոր գործարքն է: