Ապրիլի 3-ին Դրոմի նահանգում մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիա:
Պատվիրակության կազմում են խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանում Արցախի պատվիրակությանն ընդունել է քաղաքապետ Մարլեն Մուրյեն։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև առկա համագործակցությունը շարունակական է և Բուրգ լե Վալանսը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաջողված օրինակներից է, հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Մարլեն Մուրյեն կարևորել է անմիջական շփումները և ընդգծել, որ անցյալ տարվանից նրանք փորձում են համագործակցությունն ամրապնդել կոնկրետ ծրագրերով, մասնավորապես, Արցախում և մասնավորապես Շուշի քաղաքում արտադրված ապրանքների տոնավաճառ են կազմակերպել Բուրգ լե Վալանսում։
Այնուհետև պատվիրակության անդամները Վալանսի քաղաքապետարանում հանդիպել են քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ: Ֆրանսիացի քաղաքապետը ողջունել է Արցախի խորհրդարանի նախագահին և պատրաստակամություն հայտնել զարգացնելու քույր քաղաքների ձևաչափով համագործակցությունը՝ հաշվի առնելով դրանում կրթական և մշակութային փոխգործակցության գերակայությունը։
Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Արցախում բարձր են գնահատում ֆրանսիական քաղաքների հետ բարեկամական կապերը և այդ հարաբերությունները արհեստականորեն քաղաքականացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա խոսքով Արցախի հանրային և տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն կատարելագործելու իրենց աշխատանքների կազմակերպումը և այս համատեքստում զարգացած ժողովրդավարական երկրների ու քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորություններ են փնտրում։
Հանդիպումներին ներկա էին Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի տեղակալ Գայանե Մանուկյանը, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման արարողություն Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ և Արցախի Մարտունի քաղաքների միջև։
Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում բարեկամական հարաբերություններ են հաստատվել Վալանս և Ստեփանակերտ (2015թ. մայիսի 17), Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների (2014թ. հոկտեմբերի 5) միջև: