Հայաստանը և Հարավային Կովկասն ընդհանրապեսռազմավարական նշանակություն ունեն Իտալիայի համար: Այդ մասին հայտարարել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան՝ ընդունելով աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Իտալիայի նախագահը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է 2018-ին` հավանաբար ամռանը, Հայաստան այցելելու և հայ-իտալական բարեկամությունը ևս մեկ անգամ վերահաստատելու իր մտադրության մասին: Զրուցակիցների համոզմամբ՝ դա նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Նախագահներ Սարգսյանը և Մատարելլան երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին շրջանում ակտիվացած հայ-իտալական տնտեսական հարաբերությունների մասին՝ փաստելով նաև ապրանքաշրջանառության ծավալների աճը: Այս համատեքստում կարևորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումն ու գործունեությունը, որի անդրանիկ նիստը տեղի է ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ: Նախագահ Սերջիո Մատարելլան նշել է, թե ուրախ է, որ Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները գնալով աճում են՝ այս պահին կազմելով մոտ 200 մլն դոլար: Հայաստանյան շուկայում իտալական ընկերությունների ներկայացվածությունը, նրա դիտարկմամբ, ևս մեծանում է: Խոշոր ներդրումների շարքում Սերժ Սարգսյանը հատկապես նշել է Երևանում իտալական «Ռենկո» և գերմանական «Սիմենս» ընկերությունների ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում կկառուցվի տարածաշրջանում իր մեծ արդյունավետությամբ առանձնացող ՋԷԿ: Իտալիայի նախագահը դա համարել է տնտեսական ոլորտում փոխգործակցության գերազանց օրինակ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Սերջիո Մատարելլան ուրախությամբ է փաստել նաև մշակութային համագործակցության խորացումը և Հայաստանում իտալական մշակույթի ու իտալերենի հանդեպ աճող հետաքրքրությունը, որը նրա գնահատմամբ, վկայում է հայերի և իտալացիների միջև առկա փոխադարձ համակրանքի մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Մատարելլան այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանը առաջատար դեր ունի որպես համագործակցության կամուրջ և, իրոք, վառ օրինակ է, որտեղ Արևելքը և Արևմուտքը ոչ թե հակադրվում են, այլ՝ մեկ ամբողջություն են: Հայաստանի օրինակը, ըստ Իտալիայի նախագահի, նաև լավ ազդակ է, թե որքան օգտակար կարող է լինել համագործակցությունը բոլորի համար: Ըստ նրա, այսկերպ հնարավոր կլինի հարաբերություններ հաստատել նաև ԵՏՄ երկրների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Ընդգծելով, որ Հայաստանն աջակցում է 2018թ. ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթություններին՝ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ սկզբունքներին համահունչ՝ Իտալիայի հավասարակշռված մոտեցումը հիմնախնդրի կարգավորման հարցում, ինչպես նաև աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին ու նրանց մոտեցումներին:
Իտալիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը և չի պատրաստվում բանակցությունների այլ ձևաչափ քննարկել՝ հույս ունենալով, որ կազմակերպությունը հակամարտող կողմերի հետ միասին կգտնի լուծման ճիշտ ճանապարհ, և հիմնախնդիրը փոխզիջումների ճանապարհով հնարավորինս շուտ կլուծվի: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից մեկն էլ ձգձգվող հակամարտությունների լուծումն է:
Սերջիո Մատարելլան, նախագահ Սարգսյանից տեղեկանալով, որ մի քանի օրից Հայաստանը լիովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգին, նշել է, որ հիացմունքով է հետևում, թե որքան սահուն է կատարվում այդ անցումը կառավարման մի համակարգից մյուսին: Սերժ Սարգսյանը նշել է, որ խորհրդարանական հանրապետության անցնելու համար Հայաստանին օրինակ է ծառայել նաև Իտալիան, որի սահմանադրական որոշակի սկզբունքներ կիրառվել են նաև մեր երկրում:
Նախագահները Հայաստանի և Իտալիայի բարեկամության ևս մեկ օրինակ են համարել միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում Լիբանանում հայ-իտալական համատեղ խաղաղապահ առաքելությունը:
Վատիկան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված աստվածաշնորհ սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Վատիկանի պարտեզներում արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի, Ամենայն Հայոց Գարեգին Բ և և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսների մասնակցությամբ:
Ընթերցեք նաև.Սերժ Սարգսյանն ու Իտալիայի Սենատի նախագահը քննարկել են ԼՂ խնդիրը