ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ նոր գաղափարներ են առաջ տանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների հարցերին:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը բանակցություններում առաջընթացի համար պետք է հրաժարվեն միմյանց հանդեպ անվստահությունից՝ օգտագործելով 2011թ. Կազանի գագաթնաժողովի մշակումները:
ԱԳ նախարարը հավելել է, որ այդ գաղափարները հարկավոր է «թղթին հանձնել»: Լավրովը նշել է, որ 2011թ. Կազանի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շատ ինտենսիվ էին ընթանում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև:
«Սակայն, գագաթնաժողովի ընթացքում լրացուցիչ հարցեր ու մեկնաբանություններ հայտնվեցին: Այդպես լինում է: Մենք դրանից մեծ ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը շարունակվելու է: Վստահ եմ, որ այսպես կոչված Կազանի փաստաթղթից շատ բան նախկինի պես պահանջված է»,-ասել է Լավրովը:
«Կարծում եմ, որ այն տարիներին մշակվածից ոչ մի բան չի կորել: Թեև, անշուշտ, այս ընթացքում հայտնվել են որոշ նոր գաղափարներ, որոնք այժմ համանախագահներն առաջ են տանում կողմերի հետ շփումներում»,-ասել է նախարարը:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ստատուս-քվոյի փոփոխությունը հայերի համար ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում: «Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է», - ասել է նախագահը։
Նա հավելել է, որ այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ։