9 ապրիլի 2018 - 11:14 AMT
Հայերն այլևս չեն կարողանա փախստականի կարգավիճակով հանձնվել Գերմանիային

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է Հայաստանը, Վրաստանը, Թունիսը, Ալժիրը և Մարոկոն ընդգրկել ներգաղթի համար «անվտանգ երկրների» ցանկում, ինչը թույլ կտա արագ մշակել այս երկներից ապաստան հայցող քաղաքացիների տվյալները: Գերմանական Der Westen կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարության քարտուղար Շտեֆան Մայերը:

Նա ասել է, որ երկիրը պատրաստվում է ջիհադիստներին զրկել գերմանական անձնագրերից: Մասնավորապես, Գերմանիայի անձնագրերից կզրկվեն այն ջիհադիստները, որոնք նաև մեկ այլ երկրի քաղաքացի են:

Գերմանիայի Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակի տվյալներով, 2017 թվականին երկրում ապաստան է հայցել Հայաստանի 3857 և Վրաստանի՝ 3462 քաղաքացի:

«Անվտանգ ծագումով երկրների» կոնցեպտը ստեղծվել է անհեռանկար դիմումներն արագ մերժելու և փախստականների կարգավիճակ ստանալու իրավունքների ոտնահարումներից խուսափելու համար: Ցուցակում հայտնված երկներից քաղաքացիների դիմումները Փախստականների և միգրացիայի դաշնային ծառայությունը շատ հազվադեպ է բավարարում։

Անվտանգ երկիր է համարվում այն պետությունը, որտեղ համարվում է, որ քաղաքական հետապնդումներ չկան։