Երուսաղեմում ոստիկանների ու հայ ուխտավորների ու հոգևորականների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Երուսաղեմի Հայոց պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ոստիկաններն ուխտավորներին արգելել էին քայլել դեպի Հարության տաճար՝ փակելով նրանց ճանապարհը:
Ինչպես նշվում է գրառման մեջ, անհամաձայնությունն անմիջապես հարթվել է, սակայն ձերբակալվել է «հայրենակիցներից մեկը, որը մեկ ժամ անց ազատ է արձակվել»:
Ապրիլի 7-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանությունը հոգևորականների, ուխտավորների ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սուրբ Հակոբեանց տաճարում նշել է Տիրոջ Հարության Լուսավորեայի արարողությունը: Սուրբ Հակոբեանց տաճարի դուռը, ինչպես սահմանված է Status Quo-ով, բացել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Ավագ թարգմանը: Միաբանությունը Սուրբ Հարության տաճար մուտք է գործել երկու հանդիսավոր թափորով:
Գերեզմանից Տիրոջ հրաշափառ հարությունը խորհրդանշող լույսը հանել է տեր Ասպետ վարդապետ. Պալյանը, որը Ս. Գերեզման է մտել Երուսաղեմի Հունաց պատրիարքի հետ: Ս. Հարության տաճարում արարողությունը կատարվել է ըստ Status Quo-ով սահմանուած կարգի, առանց որևէ խախտման: