Փաշինյանը կոչ է արել ապրիլի 16-ին փակել փողոցներն ու կամուրջները

Փաշինյանը կոչ է արել ապրիլի 16-ին փակել փողոցներն ու կամուրջները

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիրը, որը պետք է մեկնարկի երկուշաբթի՝ ապրիլի 16-ին, առավոտյան ժամը 08։15-ից։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մասնավորապես՝ նա ասել է, որ ապրիլի 16-ին՝ ժամը 08:15-ից պետք է արգելափակել Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյանի կամուրջները, թողնել մեքենաներն այնտեղ և ոտքով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք։

Ընդդիմադիր գործիչը նաև կոչ է արել քաղաքացիներին բանկերից իրենց գումարները կանխիկացնել, ինչպես նաև դասադուլ և գործադուլ հայտարարել։

«Մարդիկ աշխատանքի չեն գնում, որովհետև քաղաքում խցանում է, մարդիկ չեն գնում աշխատանքի, մարդիկ գալիս են Ազգային ժողով։ Երիտասարդները կարող են տրոլեյբուսների շտանգաներն իջեցնել, ավտոբուսների առաջ պառկել, ոչ մեկին չվիրավորել, ներողություն խնդրել անհարմարությունների համար։ Ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, խցանումներ են, երեխեքին իզուր դպրոց չտանեք, որ խցանումների մեջ չընկնեն, երեխաներին թողեք տանը, ուսուցիչները թող քայլելով գան Ազգային ժողով», - հայտարարել է Փաշինյանը:

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները, որոնք ապրիլի 13-ից ցույցեր են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու նպատակով, փակել են Ֆրանսիայի հրապարակը։

Ավելի վաղ «Իմ քայլը» նախաձեռնության անդամները 14 օր տևած քայլարշավից հետո հասել էին Երևանի Հյուսիսային ավտոկայան, որտեղից Ազատության պողոտայով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ ազդարարվեց ընդդիմության քառօրյա հանրահավաքների սկիզբը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---