Ուֆայի ռեստորաններից մեկի տարածքում 5 հայի մահվան պատճառը կոյուղու և ջրի դիտահորերի համակցված լինել էր: Այդ մասին ապրիլի 17-ին հայտարարել է Ուֆայի քաղաքապետ Իրեկ Յալալովը:
Ապրիլի 13-ին, ժամը 19:12-ին ՌԴ-ում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ուֆա քաղաքի Բելսկայա 25 հասցեում՝ դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ: Դիտահորում աշխատանքներ կատարելիս մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Կամո Գերասիմի Պետրոսյանը (1983թ.), Մերուժան Սերգեյի Աֆանիկովը (1962 թ.), Սուրիկ Ժորայի Աֆանիկովը (1981թ.), Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը (1962 թ.) և Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը (1989 թ., ՌԴ քաղաքացի), իսկ Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը (1973 թ.) հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց:
«Երկու ուղի կառուցելու փախարեն՝ մեկը ջրագծի, մյուսը կոյուղու համար, նրանք մեկն են կառուցել, ամեն ինչ մեկ դիտահորում համակցելով: Ինչպե՞ս կարելի է համատեղել ջրի և կոյուղու դիտահորը: Դա դանդաղ ազդեցության մահացու ռումբ էր, որը վաղ թե ուշ պետք է պայթեր: Եվ դա պատահեց», - ասել է Յալալովը, գրում է «Ինտերֆաքսը»:
Միջադեպի կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է շրջանների ղեկավարներին արտապլանային հրահանգավորում անցկացնել անվտանգության տեխնիկայի վերաբերյալ: Քրգործ է հարուցվել 2 կամ ավելի անձանց անզգուշության հետևանքով մահվան ենթարկելու վերաբերյալ:
Ըստ քննության նախնական վարկածի, ռեստորանի աշխատակիցներից մեկը իջել է դիատհորը ջուրը միացնելու նպատակով և կորցրել է գիտակցությունը: Մյուսները փորձել են նրան օգնել և նույնպես կորցրել են գիտակցությունը՝ փրկել հաջողվել է միայն մեկին: