Փաշինյան. Պատրաստվում են անկարգություններ հրահրել ցույցը ցրելու համար (Թարմացվող)

Փաշինյան. Պատրաստվում են անկարգություններ հրահրել ցույցը ցրելու համար (Թարմացվող)

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմությունը հանրահավաք է իրականացնելու հանրապետության հրապարակում ժամը՝ 18:30-ին:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բողոքի ակցիայի մասնակիցներին համախմբել Հանրապետության հրապարակում: Նրա տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են ցրել ցույցը, և տարբեր խմբերի միջոցով ուզում են սադրել ու անկարգություններ հրահրել:

18:00 Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է համացանցում շրջանառվող այն տեսանյութին, որտեղ նա, իբրև թե, ինչ-որ բան է փոխանցում ոստիկաններից մեկին:

«Ես ստիպված եմ անդրադառնալ այդ «սկանդալային» տեսանյութին, քանի որ մեր ժողովուրդը դյուրահավատ է: Դա փշալարերը ճեղքելու օրն էր, մեր և ոստիկանների արանքում երկաթյա պատնեշ կար, երբ ես անցնում էի այդ պատնեշը, բարձրանալու համար դրա վրա, հենվեցի իմ հետևում կանգնածի վրա, հետո բռնեցի Օսիպյանի ուսից: Ոստիկաններից մեկը վատ զգաց, որ իր վերադասի ուսադիրներից բռնեցի և հետ հրեց իմ ձեռքը, և ես ավտոմատ կերպով արեցի ույն գործողությունները՝ բռնելով իմ հետևում կանգնածի թևը», - նկարագրել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե որևէ բան ցանկանար փոխանցել կամ ստանալ ոստիկաններից կօգտագործեր այլ՝ ավելի հարմար տարբերկաներ և չէր անի դա հազարավոր ցուցարարների աչքի առաջ:

17:55 ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը PanARMENIAN.Net -ին հայտնեց, որ ապրիլի 17-ին բերման ենթարկված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել

17:36 «Մեր բոլոր գործողությունները տեղավորվում են խաղաղ քաղաքացիական անհնազանդության պրոցեսի մեջ», - ասել է Փաշինյանը՝ հակադարձելով նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Անդրադառանլով պատգամավորների քվեարկությանը, Փաշինայանն ասել է, որ ոչինչ այլևս փոխել հնարավոր չէ:

17:20 Ցուցարարները շրջափակել են Կառավարության շենքը:

Ավելի վաղ, ընդդիմությունը արգելափակել էր Երևանի կենտրոնական փողոցները և կառավարական շենքերը:

 Ուշագրավ
---