Սահակյան. Համազգային շահն ամեն ինչից վեր լինելն է Ցեղասպանության կարևորագույն դասը

Սահակյան. Համազգային շահն ամեն ինչից վեր լինելն է Ցեղասպանության կարևորագույն դասը

PanARMENIAN.Net - 1915 թվականը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես Օսմանյան Թուրքիայում պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի՝ Հայոց ցեղասպանության տարի: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում:

«Լինել կուռ, համախմբված ու միասնական, հավատալ ու ապավինել սեփական ուժերին՝ ամեն ինչից վեր դասելով համազգային շահն ու արժեքները. սա՛ է մեր ժողովրդի առաջընթացի միակ ճանապարհը, սա՛ է Հայոց ցեղասպանության կարևորագույն դասը»,-ասված է ուղերձում:

Նշվում է, որ ապրիլի 24-ին ողջ հայ ժողովուրդը սգում ու խոնարհվում է Ցեղասպանության նահատակների սուրբ հիշատակի առջև: Դա հարգանքի տուրք է 1,5 միլիոն մեր հայրենակիցներին՝ անմեղ երեխաների, ծերերի ու կանանց, մշակույթի ու արվեստի գործիչների, պետական ու քաղաքական այրերի, հասարակ մարդկանց, ովքեր թուրքական յաթաղանի զոհ դարձան միայն այն բանի համար, որ հայ էին: Հարյուր հազարավոր մարդիկ դարձան տարագիր՝ թողնելով տուն ու տեղ և ապաստան գտնելով աշխարհի տարբեր ծայրերում:

«Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը և ոչ միայն վերապրել, այլև նորից կառուցել տուն ու օջախ, շենացնել հարազատ հողը և պաշտպանել այն՝ տոնելով մեծ հաղթանակներ: Այդ հաղթանակների հավաստիքն այսօր ազատ, անկախ ու ինքնիշխան հայկական երկու հանրապետություններն են, որոնք մեր մաքառող ու արարչագործ ժողովրդի, սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների միասնական ջանքերի ու նվիրումի շնորհիվ հաստատուն քայլերով ընթանում են դեպի հուսալի ապագա »,-ասված է ուղերձում:

Նշվում է նաև, որ «Մեծ եղեռնը համայն հայության խոր ցավն է ու չսպիացող վերքը, որը պարտավորեցնում է մեզ՝ միշտ լինել զգոն ու աչալուրջ, անել հնարավորը հայոց անկախ պետականության շարունակական ամրապնդման ու զորացման ուղղությամբ»:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---