16 սեպտեմբերի 2002 - 19:06 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՆՎԱՃԵԼ Է ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ նստաշրջանում, հատուկ ուշադրություն է դարձրել տարածաշրջանային հիմնախնդիրներին, հատկապես ղարաբաղյան հարցին: Խոսելով վերջերս ԼՂՀ-ում կայացած ընտրությունների մասին` ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «չնայած այն բանին, որ ընտրությունները եւ ժողովրդավարությունը ոչ մի կարգավիճակ չեն նախատեսում, ինքնորոշումը միշտ ավելի օրինական է, եթե ուղեկցվում է ժողովրդավարական գործընթացներով»: Նրա խոսքերով, «միջազգային հանրությունը, թվում էր, թե հասկանում է, հաճախ ողջունում եւ երբեմն պնդում, որ ընտրական ժողովրդավարական գործընթացները կարեւոր են հենց այն շրջաններում, որոնց միջազգային իրավական կարգավիճակը դեռեւս անորոշ է, եւ որոնք գտնվում են գույություն ունեցող պետության ինքնիշխանության տակ»: «Մենք չենք հասկանում, թե ինչու նմանատիպ հեռատես եւ անկանխակալ մոտեցումները կան ռազմավարությունը պետք է մերժվեն Լեռնային Ղարաբաղի դեպքում, որտեղ փաստորեն ինքնավարությունը գործում է արդեն 10 տարի»,- ասել է Վ.Օսկանյանը: Պատասխանելով իր ադրբեջանցի գործընկերոջ անհիմն մեղադրանքներին, հնչած Հայաստանի հասցեին` Վ. Օսկանյանը ընդգծել է, որ «Ադրբեջանը ընտրության հնարավորություն ունի` կամ շարունակել կոպիտ, պատրանքային նենգափոխումները, հուսալով, որ պատմականորեն եւ քաղաքականորեն փոփոխված իրավիճակը կվերականգնվի, կամ էլ` միանալ միջազգային հանրությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծառայությունների միջոցով շարունակելու համար խաղաղության դժվարին փնտրտուքները»: «Անկախ նրանից, թե մենք կդիտարկենք պատմությունը կամ աշխարհագրությունը, կընդունենք արդյոք երկարաժամկետ քաղաքական հեռանկարը, թե փաստացի իրականությունը, մի բան փաստ է` Լեռնային Ղարաբաի ժողովուրդը նվաճել է իր պատմական հողերում խաղաղ ապրելու իրավունքը»,- հայտարարել է Վ.Օսկանյանը: