ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ»:
Նշվում է, որ բոլորը գիտակցում են, որ անհրաժեշտ են «քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա»:
Շեշտվում է նաև, որ վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։«Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն:Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի»,-ասված է Կարապետյանի հայտարարության մեջ:
Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:
Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է: