«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհուրդն անցկացրել է իր անդրանիկ նիստը, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Նիստի ընթացքում Նարինե Մարգարյանը նշանակվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Նիստի օրակարգում ներառված էին մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի և տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում և հաստատում, հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն և այլն, հայտնում է Aysor.am-ը:
«Գևորգ Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԿԳ նախարարություն և թանգարան-ինստիտուտը մնացել էր առանց տնօրենի, ինչի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել՝ աշխատավարձեր, ֆինանսական փաստաթղթեր և այլն», - նիստի ընթացքում հայտարարել է ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա հայտարարել է նաև, որ ըստ կանոնադրության տնօրեն կարող են ունենալ 50-60 օր հետո։
«Լիազոր մարմնի կողմից առաջարկ կա թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտականությունները դնել աշխատակիցներից մեկի վրա», - ասել է Հովհաննիսյանը՝ առաջակելով այդ պարտականությունները դնել գիտքարտուղար Նարինե Մարգարյանի վրա։ Առաջարկը խորհրդի անդամներն ընդունել են միաձայն:
Իսկ Ռայմոնդ Գևորգյանը բաց քվեարկությամբ ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ավելի վաղ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկրա տարիների տնօրեն Հայկ Դեմոյանը մեղադրել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին թանգարանում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մեղադրանքներին, ասել է, որ Դեմոյանը տևական ժամանակ է՝ ոչ պաշտոն և ոչ էլ առանձնասենյակ չունի ինստիտուտում: Դիտարկմանը, թե Դեմոյանը գիտխորհրդի ղեկավարն է, Հարությունյանն ասել է, որ ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի է վերածվել, և սա վերանշանակումների անհրաժեշտություն է առաջացրել, իսկ Դեմոյանը «չի նշանակվել»:
Ավելի ուշ, Դեմոյանը Հարությունյանին հարցրել է, թե պատրա՞ստ է արդյոք վերջինս մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպել ցանկացած վայրում, «այս հիմնախնդիրներին անդրադառնալու և բոլոր հարցերին պատասխանելու համար»: