3 հուլիսի 2018 - 18:10 AMT
ԿԲ. Բանկերը պատրաստ են զիջել մինչև 2018-ի հունիսի 1-ը գյուղվարկերի տույժ-տուգանքները

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100.000 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից: Աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ նշված 100.000 քաղաքացին այս գործընթացի արդյունքում վերադառնում է վարկային համաձայնագիրը ստորագրելու պահին եղած ստատուս քվոյին:

«Մոտ 100 հազար մարդ, որ չէր կարողանում նոր վարկ ստանալ վարկային վատ պատմության պատճառով, նրանց վարկային պատմությունն, այսպես ասած, կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: