Ավագանու ԵԼՔ անդամները Թբիլիսում են. Այցելել են ավտոբուսային նոր պարկ և աղբավայր

Ավագանու ԵԼՔ անդամները Թբիլիսում են. Այցելել են ավտոբուսային նոր պարկ և աղբավայր

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությա անդամները պաշտոնական այցով մեկնել են Վրաստան։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն Թբիլիսիի քաղաքապետարանը հնարավորություն է ընձեռել ավագանու անդամներին այցելել ավտոբուսային նոր պարկ և քաղաքային աղբավայր, հայտնում է «Ա1+»-ը։

Պատվիրակության կազմում են խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քարտուղար Թեհմինա Վարդանյանը, Քաղաքաշինության և հողօգտագրծման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան, անդամներ Անահիտ Բախշյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Անի Խաչատրյանը Հարություն Բաբայանը և Նելլի Ղարդյանը:

Առաջին հանդիպում-այցը կայացել է Թբիլիսիի՝ 2017 թվականի հուլիսին բացված ավտոբուսային պարկում։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերության տնօրեն Պաատա Բեժանիշվիլին ներկայացրել է ինովացված տրանսպորտային համակարգի նորամուծությունները, ծառայության առանձնահատկությունները, գնային համակարգը, վարորդների աշխատանքային պայմանները։ Ավագանու անդամներին ներկայացվել է նոր ձեռք բերված 148 միավոր գերմանական արտադրության և 12 մետրանոց MAN ավտոբուսների ֆունկցիոնալ հնարավորությունները, դրանց պահպանման և շահագործման պայմանները։ Ավտոբուսային պարկում ավագանու անդամները ուսումնասիրել են նաև ավտոբուսների լվացման, լիցքավորման և տեխնիկական սպասարկման կետերի աշխատանքը։

Ավագանու անդամները տեղեկացել են, որ Թբիլիսին պլանավորում է մեծացնել նաև առկա 22 մետրոպոլիտենային կայարանների թիվը։

Երկրորդ հանդիպում-այցը տեղի է ունեցել Թբիլիսիի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքային նոր աղբավայրում։ Կենցաղային թափոնների կառավարման վարչության ղեկավար Զուրաբ Գվենցաձեն ներկայացրել է 84 հա տարածքի վրա տարածվող նոր աղբավայրի ստեղծման և կառավարման առանձնահատկությունները, կազմակերպման պայմանները, հեռանկարները և ֆինանսավորման հնարավորությունները։

Փորձագիտական ներկայացումից հետո ավագանու անդամներին տրամադրվել են աղբավայրում շրջելու համար նախատեսված հատուկ պարագաներ, որից հետո աղբավայրի աշխատակազմի անդամները նրանց ուղեկցել են աղբավայրի ամենաբարձր կետը, որտեղ ընթանում էին ակտիվ աշխատանքներ։ Այստեղ ավագանու անդամները տեղում ծանոթացել են, թե ինչպես է Թբիլիսիից ամեն օր աղբավայր տեղափողվող 1200 տոննա աղբը կոնսերվացվում, հատուկ մեմբրանով և գրունտային շերտով պատվում, այնհուհետև ստացվում մաքուր ջուր, բիոգազ, որից առաջիկայում արտադրվելու է էլեկտրաէներգիա։

Աղբավայրում պահպանվող խիստ սանիտարահիգիենիկ պայմանները և աշխատանքային գործընթացը ևս դարձավ ուսումնասիրության առարկա։ Վարչության ղեկավարը նշել է, որ պլանավորում են առաջիկայում ունենալ նաև թափոնների վերամշակման գործարան։

Ճանաչողական այցերը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներին հնարավորություն ընձեռեցին ուսումնասիրել և հասկանալ քաղաքային երկու խնդրահարույց ոլորտների՝ տրանսպորտային համակարգի և աղբի,կենցաղային թափոնների կառավարման համակարգերի ժամանակակից լուծումները, որոնք կարող են կիրառվել Երևան քաղաքի համար։

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը կհանդիպի նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ Սակրեբուլոյի անդամների հետ։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---