«Այբ» հոգաբարձուների խորհուրդ. ԱԲ շուրջ բանակցություններում պետք է զերծ մնալ միջանկյալ արդյունքներ հայտարարելուց

«Այբ» հոգաբարձուների խորհուրդ. ԱԲ շուրջ բանակցություններում պետք է զերծ մնալ միջանկյալ արդյունքներ հայտարարելուց

PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ողջունում է ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև Արարատյան բակալավրիատի վերաբերյալ բանակցությունների և աշխատանքային քննարկումների մեկնարկը` ակնկալելով արդյունավետ համագործակցություն` որակյալ կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար: Այդ մասին ասվում է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ, որն արվել է ի պատասխան հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի արած հայտարարությանը:

«Լիահույս ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամի մասնագիտական թիմի, Արարատյան բակալավրիատի ծրագրի միջազգային գործընկերների, ծրագրում ընդգրկված մարզային դպրոցների ու հարյուրավոր ուսուցիչների ահռելի աշխատանքը կլինի շարունակական և կնպաստի մեր կրթական համակարգի որակական զարգացմանը:

Կարևորելով կողմերի՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղած ջանքերը՝ կարծում ենք, որ բանակցությունների և ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտ է զերծ մնալ միջանկյալ արդյունքներ հայտարարելուց, ինչպես նաև չհրապարակել թվեր և այլ տեղեկատվություն մինչև դրանց վերջնական ճշգրտումը և փաստացի հաստատումը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ևս մեկ անգամ ասվում է, որ «Այբ» կրթական հիմնադրամն իր գործունեությունը վարում է բացառապես թափանցիկ և մշտապես հաշվետու է իր բարերարների և հանրության առջև: Հիմնադրամն անցնում է ամենամյա ֆինանսական աուդիտ, որը վերջին տարիներին իրականացվում է «Քեյ-Փի-Էմ-Ջի» ընկերության կողմից: «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունն ու անկախ աուդիտորական եզրակացությունը հասանելի են բոլորին. դրանք տեղադրված են ՀՀ արդարադատության նախարարության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում` azdarar.am, և հիմնադրամի կայքում՝ հետևյալ հղմամբ` https://foundation.ayb.am/hy/reports:

«Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում բոլոր ֆինանսական միջոցները ծառայեցվել են իրենց նպատակին և օգտագործվել համաձայն ԿԳ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պայմանների»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ, Հարությունյանը հանձնարարել էր Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ անցկացնել:«Այբի» ու Արայիկ Հարությունյանի միջև հրապարակային բանավեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Հարությունյանը հայտարարել էր, որ պետությունն այլևս չի ֆինանսավորելու մասնավոր դպրոցները՝ «տեր մեսրոպներին» (ակնարկելով «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանին - խմբ) միլիոններ հատկացնելով։

Ի պատասխան «Այբը» հայտարարել է, որ դպրոցը երբեք չի ստացել պետական միջոցներ՝ գումարը հատկացվել է Արարատյան բակալավրիատի ծրագրին, իսկ դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը ասել էր, որ նախարարը գրոհել է հիմնադրամն առանց բովանդակային քննարկման ու ուզում է կտրել երկրում լավ կրթություն ունենալուն միտված ծրագրի թևերը։ Հարությունյանը ի պատասխան հայտարարել էր, որ հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ ու կխոսի դրա արդյունքներից հետո, կարծիք հայտնելով, որ Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---