ՊՆ զորամասից ավտոպահեստամասեր են հափշտակվել. Մեղադրանք է առաջադրվել

ՊՆ զորամասից ավտոպահեստամասեր են հափշտակվել. Մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետը զինտեխնիկայի՝ շահագործման ենթակա ավտոպահեստամասերը զորամասի պահեստ մուտքագրելու փոխարեն, դրանց վերաբերյալ կազմել է որպես ջարդոն հանձնելու խոտանման ակտեր և վաճառել՝ յուրացնելով գումարը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի ավտոմեքենաների պահեստամասեր՝ շարժիչ, փոխանցման տուփ, դրանց առանձին դետալներ, ընթացքային օգտագործման մի շարք այլ պահեստամասեր, ինչպես նաև «Ոուազ» մակնիշի ավտոմեքենա:

Կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ավտոծառայության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը), և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում է առգրավված ավտոպահեստամասերի ձեռք բերման աղբյուրը, հստակեցվում կատարված հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---