Իրանի հետ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծավալները կարող են մեծանալ

Իրանի հետ մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծավալները կարող են մեծանալ

PanARMENIAN.Net - Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ՀՀ և Իրանի միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել, հատկապես ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտում, որտեղ գործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպմանը։

Նախարար Աշոտ Հակոբյանն անդրադարձել է մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորություններին՝ նշելով, որ ձևավորված դրական փորձը գոհացուցիչ է, և բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել այն ավելի մեծացնելու համար, հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ասել է, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումն ու խորացումը շահավետ են երկու երկրների համար էլ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը։ Նշվել է, որ այն, որպես տարանցիկ ուղի, առանցքային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի տնտեսության՝ մասնավորապես տրանսպորտի և զբոսաշրջության զարգացման համար։

Քննարկվել են նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների, կապի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (կոմինացված), այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս: Ծովային, օդային, երկաթգծային և բեռնատար մեքենայով փոխադրումների համակցումը հնարավորություն է տալիս կրճատել փոխադրման ժամկետը և առավելագույնին հասցնել փոխադրման արդյունավետությունը` ապահովելով արժեքի զգալի նվազում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---