28 հուլիսի 2018 - 11:27 AMT
Պետդեպ. ԱՄՆ-ն հետևողական կոչ է արել ՀՀ-ին հետաքննել «Մարտի 1-ի» դեպքերը

ԱՄՆ-ն հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել Մարտի 1-ի իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն:

Այդ մասին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչն՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»,-հավելել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական եւ ապօրինի սպանություններ»: «Բողոքարարների, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», – ասվում էր ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում, որը հետևել էր 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգությանը: