ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։ Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։
Որոշման նախագծի ներկայացման պատճառը՝ Թուրքիայում մարդու իրավունքի և կրոնի ազատության բնագավառներում թույլ տրված խախտումներն են, հայտնում է Ermenihaber-ը:
Մինչ որոշման նախագծի ընդունումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը՝ Թուրքիային սպառնացել էին պատժամիջոցներով։ Վերջիններս ասել էին, որ, եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը կդիմի պատժամիջոցների։
Նախագիծը ներկայացվել է ամերիկացի հանրապետական և դեմոկրատ մի շարք սենատորների կողմից։ Այդ սենատորների թվում է նաև ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քորքերը, ինչպես նաև Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը։ Աղբյուրի ընդգծմամբ՝ վերջինս աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում։
Քորքերի խոսքերով՝ իրենց չի բավարարում Թուրքիայի դատարանի որոշումը, որով Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն, սահմանվեց տնային կալանք։ Ըստ նրա՝ ամերիկացի հոգևորականը պետք է ազատ արձակվի։
Էնրդյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հովիվ է, որը 23 տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում՝ մասնավորապես Իզմիրի բողոքական եկեղեցում: Կալանավորվել է 2016թ. դեկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լտեսության մեղադրանքով: