28 հուլիսի 2018 - 14:38 AMT
Սողոմոնյան. Մարտի 1-ին բանակը և ցուցարարները չեն բախվել

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին զինված ուժերը ցուցարարների հետ չեն բախվել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, նախագահը ստորագրեց արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր, որով իրավունք ուներ զինված ուժերն օգտագործել անվտանգությունն ապահովելու համար։ Չկա գեթ մեկ վիրավոր զինվոր», - ասել է Սողոմոնյանը։

Ընդդիմությունը պնդում էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ը զինվորները բախվել են ցուցարարների հետ, և զինվորների շրջանում վիրավորներ են եղել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։