Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն hայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջադրված մեղադրանքի հետ կապված իրավիճակը, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Լուկաշենկոն և Փաշինյանը համակարծիք էին, որ երկրների միջև գործակցության ոլորտում կամ մեծ չօգտագործված ներուժ, և պայմանավորվել են բոլոր ջանքերը գործարդել այն իրացնելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցությանը նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:
Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
«Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը,Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը։