ՀՔԾ պետ. Քոչարյանին մեղադրանքի հիմքում բանակի ներգրավումն է քաղ.գործընթացին

ՀՔԾ պետ. Քոչարյանին մեղադրանքի հիմքում բանակի ներգրավումն է քաղ.գործընթացին

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ. մեղադրանքի համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում, հայտնում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է, որ իր համար անհասականալի է` ինչու՞ է պաշտպանական կողմը կալանավորումը որակում քաղաքական հետապնդում կամ նշում, որ դրա համար իրավական հիմքեր չկան:

«Մեր մեղադրանքի որոշումն այնքան պարզ է, այնքան հստակ և այնքան հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի է ու տեղ-տեղ նաև ծիծաղելի այդ որոշակի մանիպուլյացիաները: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում: Դա արգելված է ինչպես նախկին, այնպես էլ` Սահմանադրության ներկայիս խմբագրությամբ: Բանակի ներգրավում կարող է լինել միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն, ինչպես գիտեք` ռազմական դրություն հայտարարված չի եղել», - ասել է Սասուն Խաչատրյանը:

Հարցին` արդյոք ՀՀ երկրորդ նախագահը կազատվի կալանավորումից՝ հաշվի առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից սկսված ստորագրահավաքը, ՀՔԾ պետը նշել է, որ դա որոշելու է դատախազը: Դիտարկմանը` այս գործի շրջանականերում հարցաքննվելու՞ են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը (2008թ.-ին ՀՀ վարչապետ) և Հովիկ Աբրահամյանը (2008թ. ՀՀ փոխվարչապետ), ՀՔԾ պետն ասել է, որ նրանց հարցաքննելու կամ չհարցաքննելու անհրաժեշտությունը պետք է տեսնի քննիչը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, լրագրողների հետ հանդիպմանը, Մարտի 1-ի գործով Քոչարյանի կալանավորման որոշումը համարել է ապօրինի: Նա հայտարարել է, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով, հայտնել է 2-րդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը:

Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

 Ուշագրավ
---