23 օգոստոսի 2018 - 10:18 AMT
Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվելու համար ID քարտը պարտադիր կդառնա

Սոցիալական փաթեթի շահառուների համար նույնականացման քարտեր ունենալու պահանջը կգործի 2018-ի սեպտեմբերի 1-ից: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ սոցփաթեթի բոլոր շահառուները դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային բաժանմունք՝ նույնականացման քարտ ձեռք բերելու նպատակով, սակայն նրանց մոտ 80%-ն է ստացել այն:

Շահառուները սահմանված ժամկետում չեն ստացել նույնականացման քարտ անձնագրային բաժանմունքների ծանրաբեռնվածության պատճառով: Արդյունքում, այն շահառուները, ովքեր չունեն նույնականացման քարտ, չեն կարողանա օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից, այդ թվում՝ առողջապահական փաթեթից:

«Առաջարկվում է սոցփաթեթի շահառուների համար նույնականացման քարտ ունենալու պարտադիր պայմանը հետաձգել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ փախստականների համար այդ պայմանը կիրառել 2019 թվականի փետրվարի 1-ից», - նշվում է նախագծի մեջ: