Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 24-ին հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։
Ինչպես հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից, վերահաստատել էՀայաստանի շահագրգռվածությունը քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման եւ մարդկային շփումների ակտիվացման հարցում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայ-չեխական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը: Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր էջ է բացել Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում:
Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել Չեխիայի կառավարության` զարգացմանն ու վերափոխմանն ուղղված որոշ ծրագրերում Հայաստանին ընդգրկելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման համատեքստում Չեխիան Հայաստանին կընդգրկի թիրախային երկրների շարքում: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է չեխ գործարարների կողմից ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում:
Չեխիայի վարչապետն անդրադարձել է հայ-չեխական հարաբերությունների կարեւորությանը: Անդրեյ Բաբիշը ներկայացրել է Չեխիայում ներքաղաքական դրությունը, գոհունակությամբ փաստել, որ երկրում արձանագրվում է կայուն տնտեսական աճ: Չեխիայի վարչապետը տեղեկացրել է, որ Եվրոպական միությունում դինամիկ փոփոխություններ են տեղի ունենում, առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, ինչպես օրինակ փախստականների խնդիրները: