4 սեպտեմբերի 2018 - 16:00 AMT
Ազովում հնագետները հայերեն գրությամբ գավաթներ են պեղել

Հնագիտական արշավախումբը, որը պեղումներ է իրականացնում ՌԴ Ռոստովի շրջանի Ազով (Ազակ) քաղաքի տարածքում, XIV դարի բնակելի ագարակ է հայտնաբերել, որը փոխում է գիտնականների պատկերացումները Դոնի ափին գտնվող այդ քաղաքի տարածքի մասին:

Ագարակի տարածքում հնագետները հայտնաբերել են միջնադարյա քաղաքի բնակիչներին պատկանող բազմաթիվ իրեր, այդ թվում հայերեն գրությամբ գավաթներ:

«Գավաթների հատակին հայերեն տառերով կարճ բառ է գրված, բայց բառը ոչ թե հայկական է, այլ թրքական և նշանակում է բեյ՝ տեր: Ըստ իս, դա դիմում է Տիրոջը՝ հավանաբար, ոչ հեռու հայկական եկեղեցի է եղել»,-ասել է արշավախմբի ղեկավար, Ազովի թանգարան-արգելոցի հնագիտության բաժնի պետ Անդրեյ Մասլովսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ազովում ավելի քան 10 ազգություններ են ապրել: Պեղումների արդյունքում նաև մի քանի շղթայաձև գերեզմանոցներ են հայտնաբերվել, որոնք Ազովի յուրահատուկ սահմանն են համարվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազովում պեղումների ժամանակ նկարազարդ գավազան էր հայտնաբերվել, որի պատկերներն առավել բնորոշ են միջին դարերի Հայաստանի արվեստին: