// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաստաբան. Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ քրգործ կհարուցվի՝ բանտարկյալի խոշտանգման դեպքով անգործության համար

Փաստաբան. Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի դեմ  քրգործ կհարուցվի՝ բանտարկյալի խոշտանգման դեպքով անգործության համար

PanARMENIAN.Net - Արդարադատության նախկին նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Քրեակատարողական նախկին պետ Արթուր Օսիկյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյանների դեմ քրեական գործ կհարուցվի՝ բանտարկյալի խոշտանգման դեպքով անգործության համար: «Հանուն իրավունքների» կայքի փոխանցմամբ, հայտնել է փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանի բողոքը բավարարվել է Վերաքննիչ քրեական դատարանում:

«Վերաքննիչ բողոքիս բավարարումը նշանակում է, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ՝ այդ թվում Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արթուր Օսիկյանը, Դատապարտյալների հիվանդանոցի նախկին պետը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը և «Էրեբունի» ԲԿ-ի մի խումբ բուժաշխատողներ հավանական է պատասխանատվության ենթարկվեն: Այս բոլոր իրավասու անձիք, ովքեր պարտավոր էին իրենց գործունեության շրջանակներում ամեն ինչ անել, որ մարդը չխոշտանգվի, ովքեր անտեսել էին իմ կողմից ներկայացված բոլոր դիմում-պահանջները, այսօր այս ամբողջի վերաբերյալ կհարուցվի քրեական գործ և կիրականացվեն համապատասխան դատավարական գործողություններ»,- հայտարարել է փաստաբանը:

«Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանը, ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ ոստիկանական պատնեշից այն կողմ, անհայտ անձի կողմից արձակված կրակոցներից վիրավորվել էր ազդրի, ոտքի և ծնկի մի քանի հատվածներում: Նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը մոտ 2 տարի բարձրաձայնել է, որ իր պաշտպանյալն ունի բժշկական միջամտության կարիք, սակայն պատկան մարմինները խնդրի լուծման համար որևէ քայլ չեն ձեռնարկել:

«Դեռ 2 տարի առաջ՝ առանց կալանավորման որոշման Հովհաննեսին «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց՝ առանց բուժելու նրա վիրավոր ոտքը: Ես բազմիցս դիմել եմ պատկան մարմիններին, ներկայացրել համապատասխան բժշկական փաստաթղթեր, սակայն որևէ ընթացք չի տրվել իմ բարձրաձայնած խնդրին. փաստացի, նրանք անգործություն են դրսևորել: Այս մասին ես բողոք էի ներկայացրել Գլխավոր դատախազին, սակայն Դատախազությունը, շրջանցելով Քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածը, ոչ մի հստակ որոշում չէր կայացրել, այլ ընդամենը ինչ-որ մի գրությունով էր պատասխանել»,- ասել է Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանը նշել է նաև, որ Հովհաննեսի առողջական վիճակն օր օրի վատանում էր, ուստի հարկավոր էր խնդրին արագ լուծում տալ: Գլխավոր դատախազի «անգործությունը» բողոքարկելու համար վերջինս դիմել էր Առաջին ատյանի դատարան, սակայն, դատարանը, «անտեսելով այն փաստերը, որ տեղի է ունեցել հանցագործություն», հետ է ուղարկել փաստաթղթերը, և նա դիմել է Վերաքննիչ քրեական դատարան:

«Ամբողջ 2 տարի բժիշկները պնդում էին, որ Հովհաննեսի վիրահատության կարիք չունի և նրա առողջական վիճակը բավարար է, սակայն ազատ արձակվելուց օրեր անց, բժիշկները շտապ վիրահատություն նշանակեցին: Իմ պաշտպանյալին առողջական բարդ շրջան է սպասվում, ես կասեի տարիների ստացիոնար բուժում է անհրաժեշտ, որ ամբողջության վերականգնվի վնասված ոտքը»,- ասել է նա:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերքիձեռքբերման, պահման, փոխադրման և կրելու համար, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, շենքեր, շինություններ զավթելու համար:

Հունիսի 15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանը փոխել է մոտ 2 տարի անազատության մեջ գտնվող Հարությունյանի խափանման միջոց կալանքը 1 մլն դրամ գրավի դիմաց: Ազատ արձակվելուց օրեր անց, Հարությունյանը լուրջ վիրահատության է ենթարկվել: Նա ժամանակ առ ժամանակ ստացիոնար բուժում է ստանում և պատրաստվում երկրորդ անգամ վիրահատվել.

 Ուշագրավ