17 սեպտեմբերի 2018 - 12:23 AMT
Քոչարյանի պաշտպանը հաստատում է՝ գործակցել են ադրբեջանցի մեծահարուստի շահերը պաշտպանած լոբբիստի հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց, որ Քոչարյանի պաշտպանական թիմը գործակցել է բրիտանացի լոբբիստ Մայքլ Բարելի հետ: Վերջինս նախկինում ծառայություններ է մատուցել նաև ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և ռուսաստանյան «Գազպրոմին»։

Օրբելյանը նշեց, որ Մարտի 1-ի գործի հետ կապված իրավաբանական և քաղաքական վերլուծություններ են ուղարկվել մի շարք միջազգային լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների՝ նաև դրանց հարցումներին ի պատասխան: Ըստ փաստաբանի, չնայած իր անունից են հոդվածներն ուղարկվել, դրանք պատրաստվել են ամբողջ պաշտպանական թիմի կողմից:

Հարցին, թե Քոչարյանի թիմը վարձել է Մայքլ Բարելին, Օրբելյանն ասաց՝ իրավաբանական թիմը չի վարձել, միայն գործակցել է հոդվածների պատրաստման և իրավաբանական ձևակերպումների հետ կապված: Նա նշեց, որ հնարավոր է՝ լոբբիստին վարձել է երկրորդ նախագահի քաղաքական թիմը, և որ այդ տեղեկությունը պետք է հստակեցնել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ:

Ավելի վաղ, լրագրող Գրիգոր Աթանեսյանը հետաքննությամբ պարզել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարձել է բրիտանացի լոբբիստ Մայքլ Բարելին, ով նախկինում ծառայություններ է մատուցել նաև ադրբեջանցի միլիարդատեր Անար Մամեդովի և ռուսաստանյան «Գազպրոմին»։

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 14-ի հանդիպման նախօրեին Քոչարյանի կողմից վարձված Բարելի կողմից եվրոպական երկու կայքում տեղադրվել են հոդվածներ, որտեղ Քոչարյանը ներկայացվել է որպես քաղաքական հետապնդման զոհ:Հոդվածներում Մակրոնին կոչ է արվում Փաշինյանի հետ հանդիպմանը հանդես գալ ի պաշտպանություն Քոչարյանի:

Ըստ Աթանեսյանի, այդ փաստն ակհայտ է իր էլեկտրոնային հասցեին ուղղված Բերելի օգնականի երկու նամակներից։ Դրանցում նա ուղղակիորեն նշվում է, որ նրանք համագործակցում են Մարտի 1-ի գործով Քոչարյանի դատապաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանի հետ: