8 հոկտեմբերի 2018 - 12:27 AMT
PicsArt-ը $2 մլն-անոց լաբորատորիա կբացի ՌԴ-ում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող PicsArt ընկերությունը $2 մլն արժողությամբ լաբորատորիա կբացի ՌԴ-ում և տեղացի ինժեներների կվարձի:

Ստարտափի գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանն ասել է, որ լաբորատորիան զբաղվելու է արհետական ինտելեկտի տեխնոլոգիաներով: Նա հավելել է, որ նախատեսվում է աշխատանքի ընդունել 20 ինժեների, գրում է vc.ru-ն:

PicsArt հայկական ստարտափը, որը համանուն հավելվածներ է զարգացնում լուսանկարների խմբագրման համար, հիմնվել է 2012-ին: Ընկերությունը ներգրավել է մոտ $45 մլն ներդրում: Ըստ ընկերության տվյալների, ծառայության օգտատերերի թիվը հասնում է 120 մլն, որոնք ամսական մոտ 1 մլրդ պատկեր են ստեղծում:

Ըստ Ավոյանի, ընկերությունն լաբորատորիան կբացի Մոսկվայում, քանի որ Ռուսաստանում ուժեղ է մաթեմատիկական դպրոցը և արհեստական ինտելեկտի ոլորտում աշխատող բազմաթիվ ինժեներներ կան, իսկ մրցակցությունը նրանց համար ավելի ցածր է, քան ԱՄՆ-ում:

Ռուսաստանյան լաբորատորիան աշխատելու է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների վրա, որոնք ծառայությունն օգտագործում է ֆոտոֆիլտրերի, համալրված իրականության խցիկների, կոնտենտի անձնավորման և գովազդի ընտրության համար:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին ու հեռանկարներին, հայաստանյան ստարտափերի հետ համագործակցությանն առնչվող հարցեր էր քննարկել PicsArt ընկերություն ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ընկերության զարգացմանը:

Շրջայցի ընթացքում PicsArt-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանն ու գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը նախագահին են ներկայացրել ընկերության գործունեության առանձնահատկությունները, կառավարման համակարգի մոտեցումները, կառուցվածքը, ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև PicsArt հավելվածի հնարավորությունները: