Արցախում բնակարանաշինության և հիփոթեքի նոր ծրագիր կներդրվի

Արցախում բնակարանաշինության և հիփոթեքի նոր ծրագիր կներդրվի

PanARMENIAN.Net - Արցախում բնակարանաշինության և հիփոթեքի նոր ծրագիր կներդրվի: Այդ մասին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ նշելով, որ օրերս նոր ծրագիրը կսկսի գործել:

Նա հավելել է, որ 2019-ից սկսած բնակարանաշինության ոլորտում կլինեն նոր մոտեցումներ, որոնք դրական կանդրադառնան ինչպես Ստեփանակերտ քաղաքի, այնպես էլ գյուղական և մնացած քաղաքային համայնքների բնակիչների համար մատչելի պայմաններ ստեղծելու վրա, հայտնում է Արցախպրեսը:

«ԱՀ նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել ենք մի քանի կարևոր փոփոխություններ՝ կապված պետության կողմից ստանձնած մեր քաղաքացիների որոշակի խմբերի բնակարանային ապահովության հարցերի վերանայմանը, ինչպես նաև կանոնակարգման փոփոխություններին: Դրանք նույնպես մինչև տարվա վերջ ԱՀ Կառավարության կողմից կընդունվեն և կսկսեն գործել 2019 թվականից: Մշակել ենք նաև բնակարանաշինության երկու նոր նախագծեր, որոնք կիրագործվեն Ստեփանակերտում: Առաջիկայում մենք այդ նախագծերը կներկայացնենք հանրությանը: Դրանք լինելու են մատչելի արժեքով սոցիալական բնակարաններ՝ սահմանափակ բնակտարածքով,-ասել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ ԱՀ նախագահին ներկայացվել են հիփոթեքային գործող կարգում որոշակի փոփոխություններ ևս, որոնք նույնպես մատչելի կլինեն բնակիչներին: Նախատեսվում է նաև որոշակի սուբսիդավորման մեխանիզմների վերանայում:

«Օրինակ՝ ընտանիքում յուրաքանչյուր երեխայի ծննդյան կապակցությամբ կատարվելու է սուբսիդավորման ավելացում: Նախատեսվում է նաև բնակարանաշինության ապահովման մատչելիությունը բարձրացնել ոչ միայն լրացուցիչ սուբսիդավորմամբ, այլև սոցիալական բնակտարածքների ստեղծման միջոցով՝ ընդհանուր բնակարանային ֆոնդի էժանացման հիման վրա: Ինչպես նաև նախատեսվում է վերանայված պայմանների գործողությունների տարածում նախկինում հիփոթեք ձևակերպած քաղաքացիների վրա, դրանք ևս համապատասխանեցնելով նույն չափանիշներին: Ծրագրից հնարավորություն կունենան օգտվել բոլոր քաղաքացիները»,- տեղեկացրել է Գ. Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---