27 հոկտեմբերի 2018 - 12:15 AMT
Համաշխարհային բանկը 5.3%-ի տնտեսական աճ է կանխատեսել ՀՀ-ի համար

Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցը, համաձայն որի ՀՆԱ իրական աճը 2018 թվականին կկազմի 5.3%:

Զեկույցում նշվում է, որ երկրում հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Կայուն արտաքին պահանջարկը, մետաղների բարենպաստ գները, ներդրումների ավելի մեծ ծավալները և մասնավոր սպառման ամրապնդումը զգալիորեն նպաստել են 2018 թվականին Հայաստանի տնտեսության շարունակական աճին։

«2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները: 2018-ի առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 8.3%-ով: Իրական աշխատավարձի աճը, գործազրկության կրճատումը և դրամական փոխանցումների աճը խթանում են սպառման ծավալների մեծացմանը և աղքատության կրճատմանը», - նշվում է զեկույցում:

Համաշխարհային բանկի նախորդ կանխատեսմամբ 2018-ին Հայաստանի տնտեսական աճը գնահատվել էր 4.1%: