13 հունիսի 2008 - 17:46 AMT
Հունիսի 16-ին Հայաստան կժամանեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները
Հունիսի 16-ին Հայաստան կժամանեն Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հունիսի 16-ին նախատեսված է համազեկուցողների հանդիպումը Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովայի հետ: Ազգային ժողովում համազեկուցողներին կընդունեն ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նույն օրը նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարումը համակարգող աշխատանքային խմբի անդամների, Լեւոն Տեր-Պետրոսյանի, կալանավորված ընդդիմադիր գործիչների դատապաշտպանների հետ:
Հունիսի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլումբիեն կհանդիպի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված անձանց կանանց, մայրերի, քույրերի հետ:
Ազգային ժողովում նախատեսված են հանդիպումներ քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչների եւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ՀՀ ԱԺ աշխատանքային խմբի անդամների հետ:
Նույն օրը համազեկուցողին կընդունի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Նախատեսված է նաեւ համատեղ հանդիպում «Նախագահական ընտրություններից հետո կալանավորված անձանց հետքերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մոնիտորինգի խմբի» համակարգող Դմիտրի Նարումովի հետ: