8 նոյեմբերի 2018 - 11:19 AMT
Տոնոյան.ՊՆ մեքենան վթարվել է մի շարք կոպիտ բացթողումների պատճառով

Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի ծառայական քննության նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ իր խորին ցավակցությունը հայտնելով զոհերի հարազատներին և նշելով, որ ընթանում է ծառայական քննություն:

Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել է տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդկմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:4 զինծառայող մահացել է:Մեքենայում եղել է 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: