8 նոյեմբերի 2018 - 13:16 AMT
Շարմազանովն անուղղակի հաստատել է՝ Ալեքսանյանն ու Արայիկ Գրիգորյանը չեն մասնակցելու արտահերթին

Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Կարեն Կարապետյանի, Արայիկ Գրիգորյանի և խմբակցությունը լքած Սամվել Ալեքսանյանի՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու վերաբերլալ հարցին, նշել է, որ դա մտահոգիչ չէ ՀՀԿ-ի համար, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Եթե հարցը դնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է 50+1 հավաքի, ուրեմն խնդիր է, եթե հարցը դնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է լինի 2-րդ ուժը, ապա խնդիր չէ: ՀՀԿ-ն այսօր ունի լուրջ ներուժ, որ Նիկոլ Փաշինյանից հետո պետք է լինի երկրորդ ուժը: Մեր պայքարը դրա համար է, որ մենք լինենք 2-րդ բևեռը խորհրդարանում»,- ասել է Շարմազանովը:

Ավելի վաղ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա արտահերթ ընտրություններին: ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորներ Արայիկ Գրիգորյանն ու Սամվել Ալեքսանյանը դեռևս չեն հայտարարել՝ մասնակցելու են, թե՝ ոչ: Մամուլում, սակայն, լուրեր են շրջանառվում, որ վերջիններս ցանկություն չունեն և չեն առաջադրվելու պատգամավորի մանդատը պահելու համար:

Այս երեք պատգամվորը 2017 թվականի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ամենից շատ ձայն բերած ռեյտինգային թեկնածուներն էին, նրանք միասին նախկին իշխող կուսակցությանը 132,066 ձայն էին բերել: