Երևանում իրականացվում են չոր ծառերի հատման և վթարային ծառերի խորը էտի աշխատանքներ՝ մասնագիտական հանձնախմբի եզրակացությամբ: Աշատանքները կշարունակվեն մինչև նոյեմբեր ամսվա վերջ: Դրանք կլրացվեն ինչպես աշնանային, այնպես էլ գարնանային ծառատունկերի ընթացքում, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որի նպատակն է ուսումնասիրել մայրաքաղաքի չոր և վթարային ծառերը, տալ մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում կատարել հատում կամ խորը էտ: 12 անդամներից կազմված հանձնախմբի կազմում ներգրավված են գիտնականներ, ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, ծառագետներ և այլն:
Համաձայն հանձնախմբի արձանագրությունների՝ մայրաքաղաքում հատման է ենթակա թվով 437 չոր ծառ, իսկ խորը էտի՝ 467 վթարային ծառ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը շեշտել է, որ ծառերի չորացման և վթարային դառնալու պատճառները տարբեր են:«Ծառերից շատերն արդեն բավականին ծեր հասակ ունեն, որոշների արմատային համակարգը խորացել է և հանդիպել ժայռաբեկորների կամ զարգացել է վերգետնյա, հաճախ հանդիպում է նաև ծանր և վնասական մետաղների ազդեցություն: Ծառերի համար շատ վնասակար է նաև CO գազի արտանետումը»,- նշել է Սուրեն Մաքսապետյանը:
Բնապահպանության վարչության պետի տեղակալը նաև հավելել է, որ տարվա ընթացքում առանձին դեպքերում նույնպես կարող են իրականացվել ծառերի հատման կամ խորը էտի աշխատանքներ: Իսկ այն քաղաքացիները, որոնք կհանդիպենք ապօրինի ծառահատումների, կարող են դիմել համապատասխան վարչական շրջանի աշխատակազմ կամ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ:
Չոր և վթարային ծառերի թվում հաճախակի հանդիպում են նաև այնպիսինները, որոնք արտաքինից վնասված չեն երևում: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաքիմիայի բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Ներսիսյանի խոսքերով արտաքինից անվնաս այդ ծառերի մոտ մասամբ բացակայում է արմատային համակարգը, և դրանք քամու ազդեցությանբ կարող են հեշտությամբ տապալվել: