2019-ը՝ կովկասյան ընձառյուծի տարի. Կենդանու պահպանման պետծրագիր է մշակվել

2019-ը՝  կովկասյան ընձառյուծի տարի. Կենդանու պահպանման պետծրագիր է մշակվել

PanARMENIAN.Net - Կառավարությունը կովկասյան ընձառյուծի պահպանության պետական ծրագիր է մշակել: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Գործադիրը նաև որոշում է ընդունելու 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին, իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ վեհաժողովներ, ֆիլմերի նկարահանում, ցուցահանդեսների կազմակերպում, հանրային իրազեկում և այլն:

Նշվում է, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել ենն կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ 2017-ի հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Ընձառյուծի նկարահանումը ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքների պահպանության համակարգը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե բնության պահպանության, թե էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։

Ընթերցեք նաև՝ «Պետսահման չճանաչող կենդանին. Հայաստանի 9 ընձառյուծն ու դրանց մշտական միգրացիան»:

Դեռևս 2002 թվականից սկսած բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը:

Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---