15 նոյեմբերի 2018 - 16:20 AMT
Իոաննիսյան. «Անկախ դիտորդի» անդամներին խոչընդոտելու դեպքով քրգործի հարուցումը մերժվել է

«Անկախ դիտորդի» հասարակական դաշինքի ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդական առաքելություն է իրականցրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Նա նշել է, որ այդ որոշումը բողոքարկվելու է դատախազությունում:

«Հենց նոր ստացա ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տ. Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Մի խոսքով, հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որևէ «վերլուծությամբ»: Բողոքարկելու ենք դատախազություն: Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի FIP.am կայքը հրապարակել էր իր լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել։ Այս դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, սակայն ոչ թե 149.1 հոդվածով, այլ 146 հոդվածով (նամակագրության գաղտնիության խախտումը)։ Այսինքն գործը հարուցվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ: