«Ֆլեշի» տնօրեն Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել հափշտակության համար

«Ֆլեշի» տնօրեն Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել հափշտակության համար

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին, հայտնում է կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով, իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել $20,000 գումար:

Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.7 մլն դրամը փոխանցել ընկերությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---