// IP Marketing video - START// IP Marketing video - END

3-4 տարուց պարտադիր կուտակայինի 2,5%-ը նորից 5%-ի կհասնի

3-4 տարուց պարտադիր կուտակայինի 2,5%-ը նորից 5%-ի կհասնի

PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքի փոփոխություններով 2019-ին Հայաստանում անցում կկատարվի եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Պողոսյանը, նախատեսվում է եկամտահարկի դրույքաչափը սահմանել 23 %, այնուհետև մինչև 2023-ն այն աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %:

«Նախագծով հստակ ամրագրված է, որ չենք սահմանափակվելու 23 % եկամտային հարկով, և մինչև 2023 թ-ը նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը հասցնել 20 %-ի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Այսպիսով, ըստ Արման Պողոսյանի, 3-4 տարիների ընթացքում եկամտահարկի մինչև 20 % նվազման դեպքում՝ կվերականգնվի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարի նախկին՝ 5 % մասնաբաժինը:

Ներկայումս քաղաքացին կուտակային կենսաթոշակի հատկացումների համար վճարում է 2.5 %, իսկ պետությունը՝ 7.5 %:

Փոխնախարարը նշել է նաև, որ եթե Ազգային ժողովը Հարկային օրենսգրքի փոփոխությունները հաստատի 2019թ-ի հունվար-փետրվարին, ապա այն հավանաբար կկիրառվի սեպտեմբերի 1-ից:

Եկամտահարկի գործող դրույքաչափերը ներկայում հետևյալն են՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000-2 մլն դրամի դեպքում՝ 28%, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:

Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է նաև 2020-ի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 %:

Շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝ 2019-ի հուլիսի 1-ից սկսած նախատեսվում է նաև բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Այսպիսով, առաջարկվում է բարձրացնել օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ, բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը: Ընդ որում, 2019-ի հուլիսի 1-ից ընդլայնվելու է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները:

Փոփոխություններով առաջարկվում է նաև 2020-ի հունվարի 1-ից վերանայել 301 և ավելի ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ:

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը