// IP Marketing video - START// IP Marketing video - END

Միրզոյան. Արդյունահանման 2018-ի առաջընթացը ոլորտի իրական սեփականատերերի բացահայտումն էր

Միրզոյան. Արդյունահանման 2018-ի առաջընթացը ոլորտի իրական սեփականատերերի բացահայտումն էր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստին։ Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի 2018-ի զեկույցը, անդրադարձ կատարվել նաև ԱՃԹՆ պատասխանատու հանքարդյունաբերության գործելաոճի ներդրման ճանապարհային քարտեզին, 2019-2020-ի աշխատանքային ծրագրին առնչվող հարցերին։

Որպես ընթացիկ տարվա կարևոր առաջընթաց՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշել է ոլորտի իրական սեփականատերերի բացահայտումը և հանրային ռեգիստրի ստեղծումն ապահովող օրենքների նախագծերի մշակումն ու հաստատումը ՀՀ կառավարության կողմից։ Եվ չնայած որ նախագծերը ներկայացվել, սակայն չեն ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից, Միրզոյանը հույս է հայտնել, որ նախագծերը շահագրգիռ քննարկման առարկա կդառնան նորընտիր խորհրդարանում։

Ամփոփելով բազմաշահառու խմբի կողմից 2018-ին կատարված աշխատանքների արդյունքները՝ Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում էլ կազմվել է Հայաստանի 2018-ի առաջին EITI զեկույցը, իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստեղծվել է Հայաստանի ԱՃԹՆ-ի պաշտոնական կայքը և պետական մարմինների ու հանքարդյունահանող կազմակերպությունների կողմից ֆինանսական հրապարակային հաշվետվությունների ներկայացման առցանց հարթակը:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է։ Նախաձեռնությանն անդամակցում է 51 երկիր։ ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա՝ երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր խնդիրները՝ կապված մասնավորաբար՝ ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվությունների տրամադրման, ֆինանսական և իրավական կարգավորումների, արտադրանքի ծավալների, ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտների չափերի և դրանց տեղաբաշխման հետ։

 Ուշագրավ