12 դեկտեմբերի 2018 - 18:09 AMT
Զոհված ոստիկանի կինը Սեֆիլյանին կոչ է արել իր անունից չխոսել

2016 թվականի հուլիսին պարեկապահակային ծառայության գնդի գրավման ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կին Արփինե Թումասյանը լրագրողների հետ զրույցում հակադարձել է իր ամուսնու մահվան հանգամանքների շուրջ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանին:

Սեֆիլյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է «Սասնա ծռերի» և ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկանների ընտանիքների հանդիպմանը:

«Ժիրայր Սեֆիլյանին ասում եմ՝ թող որևէ մեկի անունից չխոսի, չասի, թե ինձ որևէ մեկը հորդորել է (չհանդիպել իրենց հետ-խմբ): Ով կասի, որ ինձ ինչ-որ մեկը հորդորել է, պատասխանատվության եմ ենթարկելու: Ինձ անգամ Օսիպյանը չի կարող ասել: Ես մեծ կորուստ եմ ունեցել, պայքարելու եմ մինչև վերջ: Եկան մեր տները քանդեցին, հիմա էլ դատարանում արդարություն են պահանջում: Մեր ամուսինների արյան գնով դուրս են եկել՝ քայլում են: Երկու տարի ձայն չեմ հանել, բայց հիմա մինչև վերջ պայքարելու եմ», - ասել է Արփինե Թումասյանը:

«Սասնա ծռերը» 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։