Ենթադրյալ ընտրական հանցագործության 442 դեպքից 6-ով քրգործ է հարուցվել

Ենթադրյալ ընտրական հանցագործության 442 դեպքից 6-ով քրգործ  է հարուցվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավապահ մարմիններ առերևույթ հանցագործությունների վերաբերյալ 442 դեպքի մասին է ահազանգ տրվել, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Դեպքերից 190-ի մասին տեղեկություններն ստացվել են լրատվամիջոցների հրապարակումների և սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների մշտադիտարկման արդյունքում: 157 դեպքի մասին հայտնել են քաղաքացիները՝ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների տեսքով, իսկ մնացածի վերաբերյալ զեկուցագրեր են ներկայացրել ոստիկանության աշխատակիցները:

Հաղորդումների ուսումնասիրությունը, ըստ դատախազության, «վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերին հարող տարածքներում կուտակումների առաջացմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային որոշ խախտումներին»:

Աշխատանքային խումբը հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկել է Ոստիկանության, Քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն և Հատուկ քննչական ծառայություն՝ պատշաճ ստուգելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջոցով հաղորդումների իրական հանգամանքները պարզելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

«Նշված 442 դեպքերից վերացական և ընդհանուր բնույթի տվյալներ պարունակող 271 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում 161-ով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք», - ասված է հաղորդագրությունում:

165-ով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր: Դրանցից՝ 113-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին, 4-ը՝ վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 13-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 9-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 11-ը՝ ընտրակաշառք տալուն, 3-ը՝ կեղծ քվեաթերթ իրացնելուն, 2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարեցնելուն հարկադրելուն 9-ը՝ այլ: Նշված 165 դեպքից 12-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 147-ով նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:

Նախապատրաստված 6 նյութերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 2-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու, 2-ը՝ ընտրակաշառք առաջարկելու, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հանցագործությունների առերևույթ հատկանիշներով: 4 քրեական գործով նախաքննությունն իրականացնում են Հատուկ քննչական ծառայության, 2-ով՝ Քննչական կոմիտեի քննիչները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---