27 դեկտեմբերի 2018 - 12:33 AMT
Գարեգին Բաղրամյան. Գազի գինը, կարծում եմ, չի բարձրանա

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր կարծիքով, գազի սակագինը, չի բարձրանա:

Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:

Նա ընդգծել է՝ տեղյակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի շուրջ ունի Ռուսաստանը՝ նկատելով, որ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման մասին, հայտնում է Aysor.am-ը:

«Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Բաղրամյանը չի ցանկացել խոսել սակագնի հավանական թանկացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից: «Չեմ կարծում, որ կթանկանա, բայց քիչ է մնացել, եկեք սպասենք մի քանի օր, թող բանակցություններն ավարտվեն», - հավելել է նա:

Նոյեմբերին Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:Նա հավելել էր նաև, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը:

ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։