// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մարուքյանը մտահոգված է՝ «Իմ քայլը» խմբակցության նիստերը գլխավորում է գործադիրի ղեկավարը

Մարուքյանը մտահոգված է՝ «Իմ քայլը»  խմբակցության նիստերը գլխավորում է գործադիրի ղեկավարը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նիստերի դահլիճում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է «Իմ քայլը» խմբակցության նիստը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է քաղաքական մեծամասնությանը հարգանքով վերաբերվել ՀՀ Սահմանադրությանը։

«Լրատվամիջոցներից տեղեկացա, որ քաղաքական մեծամասնությունը երեկ խորհրդարանում խմբակցության նիստ է անցկացրել։ Կարելի է ենթադրել, որ մեր նորընտիր գործընկերները մեծ դահլիճ են փնտրել և այս անգամ կանգ են առել ԱԺ դահլիճի վրա։ Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի», - ասել է Մարուքյանը։

Մարուքյանը մտահոգություն է հայտնել նաև, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստն «արդեն որերորդ անգամ տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ»։

«Երեկվա նիստն էլ ընթացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հիշեցման կարգով միայն՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատված են, իսկ ձեր քայլերով, հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք տարրալուծվում, միախառնվում և միաձուլվում եք գործադիր իշխանության հետ... Սա լուրջ և մտահոգիչ հարց է։ Հորդորում եմ հարգանքով վերաբերվել ՀՀ մայր օրենք Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա», - գրել է Մարուքյանը։

 Ուշագրավ