«Էրեբունի» ԲԿ-ում փետրվարի 1-ից սուր ինսուլտի ծրագրով 5 հիվանդ է անվճար բուժվել

«Էրեբունի» ԲԿ-ում  փետրվարի 1-ից սուր ինսուլտի ծրագրով 5 հիվանդ է անվճար բուժվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 1-ից մեկնարկած գլխուղեղի իշեմիկ սուր ինսուլտի ծրագրով «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար հետազոտվել և բուժվել է 5 հիվանդ, հայտնում է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը:

Կատարվել են ինչպես համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություններ, այնպես էլ դեղորայքային բուժում և վիրաբուժական միջամտություններ: Հիվանդանոց դիմած հիվանդներից 3-ին ներարկվել է Ալտեպլազա դեղամիջոցը, չորորդին կատարվել է տրոմբէկտոմիա, իսկ ամենածանր կլինիկայով բերված հիվանդին ներարկվել է Ալտեպլազա և կատարվել թրամբոէկտոմիա:

Նշվում է, որ բացի վերջին հիվանդից, մյուս 4-ը լիովին կազդուրվել են և դուրս գրվել բժշկական կենտրոնից: 5-րդ հիվանդի վիճակը մասնագետների գնահատմամբ կայուն ծանր է, գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկելու է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր երկու բժշկական կենտրոնում, որը թույլ կտա բուժել հիվանդին պետական պատվերի շրջանակում՝ առանց հավելյալ վճարների։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---