ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կայանալու է փետրվարի 16-18-ը: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպմանը:
«Համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը», - նշել է ԱԳՆ խոսնակը:
Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը չէր բացառել, որ Մյունխենում, անվտանգության համաժողովին, կարող է հանդիպել ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որՀայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները՝ սրա շուրջ են բանակցությունները:
Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:
Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։