12 փետրվարի 2019 - 12:20 AMT
Ոստիկանության պաշտոնյաները 70 մլն դրամ են յուրացրել. Նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր՝ մոտ 70 մլն դրամ գումար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության փոխանցմամբ, ըստ մեղադրանքների` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խ. Ա.-ն 2016 թվականի հունվարից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բաժանմունքի հաշվապահի հետ մշակել են բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա, որով բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե:Արդյունքում հաշվապահ Գ. Ա.-ն նշված գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժանմունքի աշխատակիցներին հասանելիք պարգևավճարները Խ. Ա.-ի ցուցումով յուրաքանչյուր ամիս փոխանցել է իր, Խ. Ա.-ի, ջոկի հրամանատար Ա. Ա.-ի, ինչպես նաև անզգուշությամբ հանցանքը կատարած բաժանմունքի և ռազմականացված ջոկատի մի շարք աշխատակիցների հաշվեհամարներին:

Խ. Ա.-ի հրահանգով ջոկի հրամանատար Ա. Ա.-ն, իսկ որոշ դեպքերում նաև Գ. Ա.-ն աշխատակիցներից ամեն ամիս պահանջել և ստացել են նրանց հաշվեհամարներին փոխանցված վերը նշված գումարները: Արդյունքում Խ. Ա.-ն և Գ. Ա.-ն նշված ժամանակահատվածում խմբովյուրացրել են իրենց վստահված ընդհանուր 53.9 մլն դրամ, որից Խ. Ա.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձամբ յուրացրել է 53.5 մլն դրամ:

Բացի այդ, հաշվապահ Գ. Ա.-ն 2016 թվականի հունիսից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն եղանակով, առանց Խ. Ա.-ի և Ա. Ա.-ի գիտության, անձամբ յուրացրել է իրեն վստահված 15.2 մլն դրամ գումարը:

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար Խ. Ա.-ին և Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրանց օժանդակելու համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում Խ. Ա.-ի կողմից վերականգնվել է ավելի քան 10 մլն դրամ:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: