Ոստիկանությունը մշտապես թե կանխարգելիչ, թե արձանագրված հացագործությունների բացահայտման ուղղությամբ աշխատանքներ է տանում: Այդ մասին հայտարարել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ ըստ էության չհերքելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ոստիկանության օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:
Նա հավելել է, որ եթե լինեն բացահայտումներ, հանրությունը դրա մասին ոստիկանությունից պատշաճ տեղեկատվություն կստանա, հայտնում է Aysor.am-ը:
«Բացահայտումների մասին մենք տեղեկացնում ենք, հանրությունը տեղեկանում է», - ասել է նա։
Անդրադառնալով այն հարցին, թե իրավապահները վերջին շրջանում իսկապե՞ս այցելում են քաղաքացիների բնակարաններ, խանութներ և աշխատավայրեր ու հետաքրքրվում, թե որքանով է ապահովված նշված շինություններրի անվտանգությունը՝ Աշոտ Ահարանյանը դրական պատասխան է տվել։
«Դրանք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք ոստիկանությունը մշտապես կատարում է։ Այո, հիմա որոշակի ուժեղացված ծառայություն կա, և դա արվում է հանցագործությունները կանխելու, նաև՝ կատարվածները բացահայտելու նպատակով», - եզրափակել է խոսքը Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018թ. Երևանում գրանցվել է հանցագործության 11344 դեպք, նախորդող տարվա 10324-ի դիմաց: Դեպքերը, փաստացի աճել են 1020-ով, կամ 8.9%-ով: Այդ մասին հայտարարել է Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհրդակցության ժամանակ։
2018-ին մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը՝ 2018թ. կազմերով ընդամենը 9.5 տոկոս: