Մարտի լույս 4-ի գիշերը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ ենթարկվել է հարձակման. ըստ վերջինիս՝ հարձակվողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից են եղել:
«8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։ Առևանգման փորձ՝ հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ-որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից»,- գրել Մալյանը:
Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատահածին անդրադարձել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատմել է, որ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների, փորձել են Մալյանին գցել աղբամանը: Պետրոսյանը նշել է, որ Մալյանին չեն հարվածել, չեն հայհոյել և գործողությունը չեն կարողացել ավարտին հասցնել ոստիկանության միջամտության շնորհիվ:
Մալյանը, ինչպես նաև «Ռեստարտի» անդամները, բերման են ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ։
«Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:Բերման ենթարկված անձիք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր»,-ասվում է հաղորդագրության մեջ
Նարեկ Մալյանը հայտնի է ակցիաներով, որոնք հաճախ սադրիչ են որակվում: Մասնավորապես, նա ԵՊՀ տարածքում երեխաների քաղցկեղի բուժման հարցերով զբաղվող City of Smile հիմնադրամի համար մանրադրամներ էր հավաքում, որոնք համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում դատարկել է նիստը վարողի առջև՝ հորդորելով դրանք փոխանցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ով City of Smile հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: