Էստոնիայի աջակողմյան ազատական Բարեփոխումների ընդդիմադիր կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, որոնք կայացել են մարտի 3-ին: Այդ են վկայում Պետական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Բարեփոխումների կուսակցությունը 34 մանդատ է ստացել՝ ավելացնելով իր ներկայությունը 4 մանդատով: Դա լավագույն արդյունքն է 1994-ից գործող կուսակցության համար, գրում է ՌԲԿ-ն:
Իշխող Կենտրոնամետ կուսակցությունը 26 մանդատ է ստացել՝ նախորդից 1-ով պակաս: Եվս մեկ ընդդիմադիր կուսակցություն՝ Պահպանողական ժողովրդական կուսակցությունը, զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը՝ ստանալով 19 մանդատ, նախորդից 12-ով ավելի:
Թուլացել են մեկ այլ իշխող՝ Isamаa («Հայրենիք») կուսակցության դիրքերը, որն այժմ 12 մանդատ ունի՝ 2-ով պակաս նախորդ գումարման խորհրդարանից: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 10 մանդատ ունի՝ 5-ով պակաս նախորդից:
Էստոնիայի կենտրոնամետ կուսակցության ղեկավար և վարչապետ Յուրի Ռատասը ճանաչել է Բարեփոխումների կուսակցության հաղթանակը: Նա հայտարարել է, որ պետք է կարողանալ պարտվել, քանի որ պարտություններն են ծնում ապագա հաղթանակները: «Խոստանում եմ՝ աշխատելու եմ, որ Կենտրոնամետ կուսակցությունը լինի հաջորդ կոալիցիայում»,-ասել է նա: